Գրախոսական

Վահեն այնքան հիմնավոր է «Բնագրի»՝ գրականության մասին որդեգրած սկզբունքները ներկայացրել, որ ես կարող էի նույնիսկ էլ չգրել։ Առհասարակ շնորհակալ եմ Վահեին, որ իր մասնակցությամբ, թե իբրեւ հեղինակ, թե իբրեւ ընթերցող, իր դիտարկումներով ապացուցում է մեր հանդեսի արդյունավետությունը։ Նա հեռու Շվեդիայից ավելի տեղյակ է մեր պահանջներին ու կարիքներին, քան շատերը Հայաստանում։

19 մարտ, 2004թ. — Վիոլետ Գրիգորյան

Ինչքան էլ  ասվի, որ ձանձրալի է «Բնագիրը», գնալով աճում է հետաքրքրությունը «Բնագրի» նկատմամբ, ինտերնետի սայթում 3 ամսում 30 հազար այցելություն, քիչ չէ։

20 մարտ, 2004թ. — Վահան Իշխանյան

Ժողովուրդ՜, Երևանի վրա ընկել ա Վահե անունով գիսաստղ. ով որ հլը խաբար չի խորհւրդ եմ տալիս հավաքվել Բնագրի սայթ, վայելել գիսաստղային կայֆեռ: ժամնակը գնում աաաա՜…

30 մարտ, 2004թ. — Ծովինար Չիլինգարյան

 

Գրախոսական

«ԷսթաբլիշՄԵՆԹ». պատմվածքներ, հոդվածներ, բանաստեղծություններ, թարգմանություններ։ Վահե Ավետյան (290 էջ, Երևան, 2005)

«Լավագույն բանը, որ պատահեց մեր գորշ և ձանձրալի գրական հարթակում». գրել է Աշխեն Քեշիշյանը, Վահեի «Անկախության Բանակ» առաջին գրքի վերաբերյալ գրախոսականում: Մի ուրիշ գրախոսականում այն անվանվեց «հրաբխի ժայթքում»։

Իր երկրորդ գրքում շարունակում է Վահեն իր պայքարն ամբարտավանության ու անհանդուրժողականության դեմ՝ երկվորյակ աղբյուրները մեր դժբախտությունների մեծամասնության։

«Ներկայացնում եմ պարզապես եվրոպական քննադատությունը». — բացատրում է Վահեն իր սանձարձակ ընթերցողին, որը հեղինակի քննադատությունը համարում է ճնշված մանկության տրավմատիկ հետևանք։ Անհեթեթ այս «ֆրեյդիստներին» ասում է.

— ես թարգմանում ու վերաձևակերպում եմ այն ընթերցողների համար, որոնք չեն կարդում օտար լեզուներով։

Մի ուրիշ տեղ գրում է. «Կարծիքն իմ մասին սովորաբար այն է, որ ես մեգալոմանյակ եմ ու եսակենտրոն էգոիստ, որովհետև խոսում եմ միայն իմ անունից, ինչից ուղակիորեն բխում է, որ նրանք ովքեր խոսում են ազգի և անգամ համայն մարդկության անունից, հեզ ալտրուիստներ են»։

Ես կարծում եմ, որ նման սարկազմն այրող, անդիմադրելի է։ Եթե ոմանք դրանից վատ են զգում՝ էլ ավելի լավ։

Զգուշացում՝ Վահեի ոճը խոսակցական է, ուղիղ և միտումնավոր անտաշ։ Եթե հեշտ եք խառնաշփոթի մեջ ընկնում մերկ ու կենսուրախ ոգեղենությունից, կամ ենթարկվում սադրանքի սանձարձակ կատաղությունից՝ այս գիրքը ձեր համար չէ, բայց եթե դեմ չեք բացահայտվել ազնիվ վկայությամբ, եթե նախնտրում եք ձեր օղին անարատ, և եթե չեք վախենում ողջունել մի եղբոր, որն ոսկրաջարդ ձեռքսեղմում ունի՝ Վահեն այդ մարդն է։

Արա Բալիոզյան
Քիչեներ, Օնտարիո, Կանադա, երկուշաբթի, հունվար, 23, 2006

***

Վահե Ավետյանը չեկավ «կուսակցական աղբ» վերամշակելու, հիշեցնելով մեզ, որ մենք առաջին քրիստոնեա ժողովուրդն ենք և 20-րդ դարի առաջին ցեղասպանվածները։ Նա եկավ ասելու, որ մենք մտավոր գաճաճների ու բարոյապես վախկոտների սերունդ ենք։ Գրական հսկաներ Բակունցը, Զապել Եսայանը, Օշականը, Զարյանն ու Մասիկյանը, նկարագրել են գաճաճների ցեղը, որը «գոյատևել է մարդակերությամբ» (Զարյան)։ Եթե այս միտքը ցնցում է ոմանց, հնարավոր է նրանից է, որ չեն կարդացել Խորենացու «Ողբը», Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», Օտյանի «Փանջունին», գրողների, որոնք չեն վախեցել նկարագրել այն ինչ տեսել են, արտահայտել են այն ինչ մտածել են ու զգացել։ Ոմանք կարող են տեսնել Վահեին, որպես գուժկան՝ ոչ ես։ Ես տեսնում եմ նրան, որպես մեկին, որը պատմում է իրականությունը ի դեմս վերարտադրվող շովինիստական քլիշեների ու գոչերի: Ես տեսնում եմ նրան որպես մի այլախոհ, որը հարգում է նախկին բոլոր այլախոհներին, հրաժարվում է շողոքորթել մեր «լավագույնների» սնապարծությանը, ասելով, որ անհանգստանալու ոչինչ չկա, որովհետև մենք ապահով ձեռքերում ենք։ Դրա փոխարեն ստանձնել է մարդակերներին մեր մեջ բացահայտելու անշնորհակալ պարտականություն, արձագանքելով Զարյանի զգուշացմանը՝ վտա՜նգ, վտա՜նգ, վտա՜նգ… Մի համաձայնեք նրա հետ, եթե պարտավոր եք, բայց չանտեսեք և չլռեցնեք, եթե չեք ստանձնել իհարկե կոմիսարի դերը, որը ցերեկը ման է գալիս ազգի փրկչի նման, իսկ գիշերը դառնում գերեզմանափոր։

Թողնենք հիմա խոսքը մարդուն։

Արա Բալիոզյան
Քիչիներ, Կանադա, Սեպտեմբեր 4, 2005

 

 

էսթաբլիշՄԵՆԹ

Շուտով լույս կտեսնի Վահե Ավետյանի երկրորդ գիրքը՝ «ԷսթաբլիշՄենթ» վերնագրով: Վահե Ավետյանի գրչին մեր ընթերցողը ծանոթ է, նրա գրական, հրապարակախոսական գործերը պարբերաբար տպագրվում են «Հայկական ժամանակում»: Նրա երկրորդ գրքի առաջաբանը գրել է կանադահայ գրող Արա Բալիոզյանը, այն ձեզ ենք ներկայացնում որոշ կրճատումներով: «Անեկդոտների, ակնարկների, երկխոսությունների, ինքնակենսագրական հատվածների եւ բանաստեղծությունների այս հավաքածուի մեջ Վահեն պատմում է այնպես, ինչպես կա։ Եթե չեք սիրում ուղիղ խոսքը, այս գիրքը ձեր համար չէ։ Վահե Ավետյանը չեկավ «կուսակցական աղբ» վերամշակելու, հիշեցնելով մեզ, որ մենք առաջին քրիստոնեա ժողովուրդն ենք եւ 20-րդ դարի առաջին ցեղասպանվածները։ Նա եկավ ասելու, որ մենք մտավոր գաճաճների ու բարոյապես վախկոտների սերունդ ենք։ Գրական հսկաներ Բակունցը, Զապել Եսայանը, Օշականը, Զարյանն ու Մասիկյանը նկարագրել են գաճաճների ցեղը, որը «գոյատեւել է մարդակերությամբ» (Զարյան)։ Եթե այս միտքը ցնցում է ոմանց, հնարավոր է նրանից է, որ չեն կարդացել Խորենացու «Ողբը», Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները», Օտյանի «Փանջունին», գրողների, որոնք չեն վախեցել նկարագրել այն, ինչ տեսել են, արտահայտել այն, ինչ մտածել են ու զգացել։ Ոմանք կարող են տեսնել Վահեին, որպես գուժկան՝ ոչ ես։ Ես տեսնում եմ նրան, որպես մեկին, որը պատմում է իրականությունը՝ ի դեմս վերարտադրվող շովինիստական քլիշեների ու գոչերի: Ես տեսնում եմ նրան որպես մի այլախոհ, որը հարգում է նախկին բոլոր այլախոհներին, հրաժարվում է շողոքորթել մեր «լավագույնների» սնապարծությանը, ասելով, որ անհանգստանալու ոչինչ չկա, որովհետեւ մենք ապահով ձեռքերում ենք։ Դրա փոխարեն ստանձնել է մարդակերներին մեր մեջ բացահայտելու անշնորհակալ պարտականություն՝ արձագանքելով Զարյանի զգուշացմանը՝ վտա՜նգ, վտա՜նգ, վտա՜նգ… Մի համաձայնեք նրա հետ, եթե պարտավոր եք, բայց չանտեսեք եւ չլռեցնեք, եթե չեք ստանձնել իհարկե կոմիսարի դերը, որը ցերեկը ման է գալիս ազգի փրկչի նման, իսկ գիշերը դառնում գերեզմանափոր»։

ԱրաԲալիոզյան
Քիչիներ,Կանադա, 2005

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

 

 

Գրախոսական

Անկախության Բանակ, պատմվածքներ. Վահե Ավետյան. 294 էջ. (Սթոքհոլմ, 2005)Հայերեն

Անեկդոտների, ակնարկների, երկխոսությունների, ինքնակենսագրական հատվածների և բանաստեղծությունների այս հավաքածուի մեջ, Վահեն պատմում է այնպես ինչպես կա։ Եթե չեք սիրում ուղիղ խոսքը, այս գիրքը ձեր համար չէ։

«Ղեկավարներին գովող «մտավորականը» միշտ անվանվել է ՈՌ ՄՏՆՈՂ»՝ գրում է հեղինակը։

«Ես գրող չեմ» հայտարարում է նա մի տեղ, բայց գրում է հրաբխի ժայթքման անակնկալությամբ։

«Քաղաքականությունը պոռնկություն չէ, ասում էր դիվանագիտության իմ առաջին ուսուցիչը:

-Այն դառնում է այդպիսին երբ դրանով զբաղվում են պոռնիկները»։

Ես չեմ հիշում մարդասիրության մասին դասեր առանձնապես, իսկ հայրենասիրության մասին՝ ինչքան ասեք։ Հանուն այդ սիրո մեզ սովորեցնում էին ատել։

Սփյուռքի ապագայի վերաբերյալ. այդ մասին խոսելիս, մի ակ տիվիստ Բուենոս Այրեսից ասել է, որ եթե սկսեն մտածել այդ մասին, կդադարեցնեն գործելը։

Վերջերս վերընթերցում էի գործերս ու հիանում հանճարովս առայժմ, միաժամանակ հասկանալով, որ կարող է մի քանի տարի հետո զարմանամ դուրս տված էշությանս վրա։

Մի կողմից սա զուտ հայկական գիրք է, բայց մի ուրիշ կողմից, նաև հակահայկական է, կամ ավելի ճիշտ հակաօսմանյան և հակասովետական հայկական։

Փորձելով հանրագումարի բերել Վահեի հիմնական միտքը գրքում.

Որպես հայ պետք է մեռնել, վերածնվել որպես մարդ արարած և միայն այդ ժամանակ կարող ես հույս ունենալ հայ լինելու, կամ «Սեփական եսից հրաժարվելու համար պետք է սեփական ես ունենալ»։

Քանի դեռ Վահե Ավետյանի նման գրողներ ունենք մեր մեջ, ապագային կարող ենք նայել վերանորոգված հույսով։

Հ.Գ. Վահեի գիրքը կարդալուց հետո սկսեցի կարդալ Ումբերտո Էկոի «Գրականության մասին» աշխատությունը (Նյու Յորք 2004), որտեղ ուշադրությունս գրավվեց հետևյալ տողերով. «եթե որևէ մեկը հավատացած է, որ բոլոր առասպելները, մարգարեությունները և կրոնները ոչինչ են քան սուտը, բայց այնուամենայնիվ հղկել են մարդկության պատմությունը, կարող ենք եզրակացնել, որ ապրում ենք հազարամյա կեղծիքի իշխանության ներքո։

Եթե «աստվածների հավատին» ավելացնենք բոլոր գաղափարախոսությունները, նացիոնալիզմից մինչև կոմունիզմ և հնարավոր ամեն տեսակի «իզմ» (ալկոհոլիզմի հնարավոր բացառությամբ), կարող ենք բաժանել գրողներին երկու մեծ խմբերի. նրանց, ովքեր արդարացնում ու տարածում են կեղծիքը և նրանց, ովքեր բացահայտում և ծաղրի են ենթարկում այն։

Վահեն երկրորդ տեսակի գրող է և այդ պատճառով արժանի մեր հիացմունքին և երախտագիտությանը։

Արա Բալիոզյան
Ուրբաթ, հուլիս 08, 2005 , Քիթչեներ, Օնթարիո, Կանադա

 

 

Անկախության Բանակ

Որպեսզի իրեն չմեղադրեն, թե բողոքում է հեքիաթ պատմելու գործում ուրիշների ժլատության դեմ, Ստոքհոլմում բնակվող, ժամանակին Անկախության բանակի անդամ Վահե Ավետյանը որոշում է պատմել «պրակտիկ օգտագործման համար գրված» իր հեքիաթը: Եվ քանի որ հեքիաթ է պատմելու երեխաների ու մեծերի համար՝ «…հոպ՝ չենք հայհոյում»: Հաջորդ էջում իսկ խոստանում է «ոռի համը հանել», հետո էլ արդեն իսպառ մոռանում է երեխաների մասին ու սկսվում է… Գրքի վերջաբանում հեղինակը, քանի որ չի դիմացել հայհոյելու եւ անպարկեշտ արտահայտություններ օգտագործելու գայթակղությանը, գրում է. «Լեզվիս խստությունն ու սանձարձակությունը վիրավորանք չէ: Պատկերել եմ այնպես, ինչպես տեսել եմ: Չեմ հուսահատվի, եթե անգամ ստախոս անվանեք ինձ եւ այլանդակը տեսնեք գրքումս միայն: Համարեք, որ ձեզ ցույց տվեցի մի ծուռ հայելի: Չ՞է որ իրականում դուք լավն եք, իմ սիրելի ընտանիք, իսկ գրքիս աղբը՝ հնարովի ցնդաբանություն»: «Անկախության բանակ» վերնագիրը կրող այս գիրքը բացվում եւ եզրափակվում է «Սեփական եսից հրաժարվելու համար անհրաժեշտ է սեփական ես ունենալ» արտահայտությամբ: Գրքում տեղ գտած պատմվածքները մեր ժամանակի իրականության մասին են, որոնք հաճախ համեմված են նուրբ հումորով: Պատմվում են առաջին դեմքով, եւ հեղինակն իրեն է վերագրում իր հերոսների արարքներն ու վիճակները: Դրանցում նա իր կարծիքն ու վերաբերմունքն է արտահայտում մեր երկրում տեղի ունեցող հատկապես քաղաքական իրադարձությունների ու երեւույթների մասին: Գրքի վերջում տեղ են գտել նաեւ Վահե Ավետյանի մի քանի բանաստեղծություններ: «Ուշքի եկեք, պարոն, դեռ ուշ չէ» պատմվածքում հեղինակը դիմում է պարոն  Քոչարյանին՝ ասելով, որ երբ նա, Սահմանադրությունը խախտելով, բռնազավթեց իշխանությունը` ապօրինի նախագահ Լ.Տեր-Պետրոսյանից, ինքը ողջունեց եւ անօրինականությունը պաշտպանելու համար բազմաթիվ արդարացի լուտանքներ ստացավ: Կարծում էր, որ Քոչարյանը երկիրն ազատում է լեւոնական խունտայից եւ օրինականություն հաստատում: Հավատում էր, որ Հայք նշանակում է նաեւ արցախցի նախագահ ու քաղաքացի: Իսկ երբ ժողովուրդը համաձայնեց նրա սահմանադրախախտ նախագահությանը եւ վստահեց նրան, վերջինս անմիջապես պատժեց իր քաղաքացիությունից ակնհայտ ավելի քիչ կասկածելի քաղաքացիությամբ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ ընտրվելու, իսկ մարդկանց՝ նրան ընտրելու հնարավորությունից զրկելով: Արթուր Վարդանյանին քաղաքացիությունից զրկելու փաստը եւս հեղինակի զայրույթն է առաջացնում, մինչդեռ, իր կարծիքով, «քաղաքացին է հանրապետության բարձրագույն շենքը», նա է տերը, իսկ նախագահն ու մնացյալը՝ ծառաները: «Ես ոչինչ չգիտեմ» պամվածքում հեղինակը խոստովանում է, որ շատ բան չգիտի եւ աշխարհում էլ ոչինչ փոխել չի կարող: Օրինակ՝ չգիտի՝ ինչպես կարելի է պայքարել գաղտնի ծառայությունների, դավադրությունների, կաշառակերության ու գողության դեմ, սակայն գիտի, որ կարող է չհամագործակցել դրանցում ներգրավված անձանց հետ ու այդ ամենի մասնակիցը չլինել, քանի որ իր հետ է իր խիղճը, որին հետեւելու հնարավորություն ունի: Միշտ: Լարիսա Ավետյանի խմբագրած մոտ 300 էջանոց այս գիրքը լույս է ընծայել «Վան Արյան» հրատարակչությունը 800 տպաքանակով:

ԱՆՆԱ ԶԱԽԱՐՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Վահեի «Անկախության բանակ» գիրքը լավագույն բանն էր, որ կարող էր պատահել մեր մեռած, գորշ, գրական աշխարհում այսօր: Ընդամենը 2 օր է, որ գիրքը ընկել է ձեռքս ու անգամ այն պահերին, որ չեմ կարդում, դարակիս միջից ինչ որ բան է ասում, պատմում, լռում, իսկ մեկ մեկ էլ ուղղակի գոռում է: Ու էդ գոռոցի մեջ էնքան ցավ կա, էնքան սեր կա, էնքան կարոտ կա… հայրենակիցների, հայ մարդու, մարդու, հայրենիքի ու աշխարհի նկատմամբ: Վահեն պատկերավոր, հետաքրքիր, անկանխատեսելի գրիչ ունի: Անկեղծ է: Գիրքն էլ անկանխանտեսելի մի բան էր: Բացում ես ու չես հասկանում ուր ընկար. քաղաքական, աշխարհաքաղաքական հարցերի կողքին հանկարծ հայտնվում ես հեղինակի, կամ գրական հերոսի մանկության աշխարհ, հուշեր, տատ ու պապ, դպրոց, մեկ էլ հանկարծ բանաստեղծական կատարելության հասցրած մարմնավաճառի մասին պատմող մի պատմվացք ու էլի արտագաղթ, ցեղասպանություն, գնում հասնում ենք էմիգրանտ հայերին, անցյալ- ներկա Ագռավու քար ու Սթոքհոլմ… ու էս խառը խշտիկության, ցաք ու ցրիվության մեջ գիրքը մի կուռ ամբողջականություն է, որ կոչվում է երևի թե ժամանակակից գրականություն: Այսօրվա գրականություն: Այսօրվա կյանքի պես խելահեղ, ցաք ու ցրիվ, մղձավանջային, զառանցական, որտեղ վաղուց արդեն չկան գրական ժանրեր, ձև, ցենզուրա: Որտեղ ամեն ինչ խառնվել է իրար ու թվում է. — էլ ի՞նչ կամ ինչու՞ գրես, ո՞նց գրես, ու՞մ համար, որտեղ ինֆորմացիայի տարափ է, արագություն է, շարժում է: Ու կյանքը գժի նման վազում է, դե հասցրու ու բռնիր, հերոսներ, պատմություններ գտիր ժամանակի վազքի մեջ, որ հետո էլ ասես դե կարդա ընթերցող ու տես ինչ «խելացի ու սիրուն» բաներ եմ պատմում:

Մեկ էլ հանկարծ հո ՜ պ. Վահեն ձևը գտնում է, կամ ժամանակն է գտնում իր գրողին: Վահեն հանկարծ իր կողքով վազող ժամանակը բռնում է ու փակում «Անկախության բանակի» 296 էջում: Ուժով է գերում, պահանջելով է գերում, խնդրանքով, ցավով, արյունով, սիրով, կյանքով, արցունքով ու կրքով: Բացում ես գիրքն ու տեսնում ժամանակի ոտնահետքերը, որ կոխոտել են էջերն ու անցել: Տեսնում ես կյանքը, ժամանակը, երբ այն գերի էր Վահեի ձեռքերում: Այն սուրացել է Վահեի գրքում, թևածել 296 էջում ու դրա համար էլ անսկիզբ ու անվերջ է «Անկախության բանակը»մեր ժամանակից գերված, պատանդ վերցրած մի հատված: Սա կարող էր անելլ միայն այսօրվա գրողը, որը չի նշանակում այսօր ապրող գրող: Ժամանակի մի կտորն է Վահեի գիրքը, որ հանկարծ ձեռքիդ է ընկնում ու հենց հասնում ես վերջին էջին, ընկնում իրական ժամանակի մեջ ու հասկանում, որ ինչ որ բան կիսատ է, որ ինչ որ բան չի շարունակվում…

Հետո հասկանում ես, որ ուզում ես, որ ժամանակը նորից շարունակվի Վահեի ստեղծագործություններում ու նոր գրքերում:

Աշխեն Քեշիշյան
01-07-2005, Երևան